ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոն

Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոն
24.04.2012 | 00:00

Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակներում ապրիլի 21-22-ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը (ՀՊԶՄ) անցկացրեց պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը` ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: ՀՊԶՄ-ն ստեղծվել է 2007 թվականին` Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում` նպատակ ունենալով խթանելու պատկերապատման արվեստի, այսպես կոչված, իններորդ արվեստի զարգացումը Հայաստանում:

Փառատոնի բացմանը ելույթներով հանդես եկան պատկերապատման ֆրանսիական կազմակերպության ղեկավար Ժան Մարդիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Ժան Մարդիկյանը հայտարարեց պատկերապատման 3-րդ փառատոնի պաշտոնական բացման մասին, անդրադարձավ դրա նշանակությանը, ներկայացված թեմաներին, դրանց հասարակական լայն հնչողություն հաղորդելու անհրաժեշտությանը, հորդորեց կազմակերպիչներին և հյուրերին ուշադրության դաշտում պահել այսօրինակ ձեռնարկումները:

Արև Սամուելյանը նշեց, որ պատկերատպությունը նախնիներից ժառանգված արվեստների թվին չի դասվում, բայց վկայում է այսօրվա երիտասարդության կարողությունների, դրանք լայնորեն կիրառելու և ի ցույց դնելու որակների մասին:

Անրի Ռենոն իր ուրախությունը հայտնեց փառատոնի բացման առթիվ, կարևորեց «Թումոյի» և ՀՊԶՄ-ի նշանակությունը ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության կյանքում, նկատեց, որ փառատոնը ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող ծրագրերի մի մասն է: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ցուցադրության վրա և խոստացավ հետագայում ևս աջակցել նման նախաձեռնությունների իրականացմանը:

ՀՊԶՄ-ի անդամ, պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչ Լիանա Գրիգորյանից տեղեկացանք, որ ներկայացված ցուցադրությունը բաղկացած է մի քանի բաժնից` «Իմ Հայաստան» խորագրով վարպետության դասընթացի, Գյումրիում անցկացված վարպետության դասընթացի աշխատանքներից, «Երբեք մի՛ մոռացեք» խորագիրը կրող շարքից (այս ցուցադրությունը կազմակերպել էր Ֆրանսիայի Վալանս քաղաքի Ազգային ժառանգության կենտրոնը` Լաուրե Պիատոնի ղեկավարությամբ)` ձոնված աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, ֆրանսիացի և իտալացի երիտասարդ նկարիչների աշխատանքներից: Այդ նկարիչների թվում էին իրենց ոլորտում մեծ համբավ վայելող Պաոլո Կոսին, Դոմինիկ Բեղտայը, Լորան Գալանդոնը, այլք:

Ցուցադրությունն ընդգրկում էր հայ մատենագրության թվայնացված կենտրոնի աշխատանքները, որը ներկայացնում է մեր անցյալի առնչությունները «պատկերապատում» երևույթի հետ: Ինչպես նշեց Լիանա Գրիգորյանը, հայ մանրանկարչության գոհարների և այսօրվա պատկերապատումների միջև անցկացվող զուգահեռներով փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեն ցույց տալու աշխարհին դարերի խորքից սկիզբ առնող հայ մշակույթի արմատները և դրանց արդիական հնչողությունը, որ ակնհայտ ցնցող տպավորություն էր գործել փառատոնի արտասահմանցի հյուրերի վրա:

«Թումո» կենտրոնում անցկացվեց նաև «Այբ, Բեն, Գիմ» խորագրով մրցույթը, որի ընթացքում նկարիչներն ստեղծեցին մեկ էջից բաղկացած պատմություններ հայոց գրերի մասին:

Մենք ճեպազրույց ունեցանք Պաոլո Կոսիի հետ, ով Իտալիայի Պորդենոնե քաղաքից է, 2007-ին հրատարակել է «Medz Yeghern» գրաֆիկական վեպը` նվիրված Հայոց ցեղասպանությանը` այդ առթիվ 2009-ին արժանանալով ֆրանսիական համայնքի խորհրդի «Condorcet-Aron» մրցանակին։ 2012-ին հրատարակել է Հայաստանին նվիրված ևս մեկ պատկերապատում` «Ararat. la Montagna del mistero» («Արարատ. առեղծվածային լեռը») խորագրով:

Կարևորելով հայ և ֆրանսիացի պատկերապատողների համագործակցությունը` Պաոլո Կոսին նշեց, որ ինքը Հայաստանում նմանատիպ փառատոնի մասնակցել է նաև երկու տարի առաջ ու նկատում է, որ այս տարվա փառատոնն ավելի լայնածավալ է, հետաքրքրվողներն ավելի շատ են, և կցանկանար, որ ընդլայնելու այդ միտումը հետայսու էլ շարունակվեր:

-Ձեր «Արարատ. առեղծվածային լեռը» պատկերապատման մեջ չի երևում կոնկրետ լեռ, չկա Արարատի պատկերը, ներկայացվածը լեռան հանդեպ որոշակի վերաբերմունքն է, իմ կարծիքով` ագրեսիան: Այդպե՞ս է,- հարցրինք Կոսիին:

-Այո՜, այո՜: Արարատը ոչ միայն լեռ է, այլև հիշողություն է, պատմություն շատ մարդկանց համար: Այժմ Արարատի շուրջ հասարակական-քաղաքական տարբեր իրադարձություններ են կատարվում, որոնք ես ցանկացել եմ ներկայացնել իմ պատկերապատման մեջ: Ես լավ տեղեկացված եմ Արարատի մասին, այդ տեղեկություններն անընդհատ թարմացվում են, որովհետև ունեմ մի ընկեր, որն ամեն տարի հնագիտական պեղումներ է իրականացնում Արարատ լեռան վրա: Իհարկե, այդպիսի պեղումները լի են վտանգներով. բազմաթիվ արգելքներ կան լեռը բարձրանալու հետ կապված, բայց ընկերս բարձրանում է, լուսանկարում, տեսագրում տեղանքը: Այդ կերպ ես ստանում եմ լեռան ամբողջական պատկերը: Իմ այս պատկերապատումը «Medz Yeghern» պատկերապատման տրամաբանական շարունակությունն է: «Medz Yeghern»-ում ես փորձել եմ ներկայացնել անցյալում հայերի ունեցած բոլոր մտքերը, հիշողությունները, և Արարատը դրա շարունակությունն է. այստեղ նույնպես ներկայացվում են այդ պատմությունները,- պատասխանեց երիտասարդ արվեստագետը:

Ես իմ և հայ ժողովրդի անունից երախտագիտությունս հայտնեցի երիտասարդ արվեստագետին` մեր ցավը հասկանալու և իր արվեստով դրան հասարակական հնչողություն հաղորդելու համար:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ